Friday, July 11, 2008

Օտարերկրացիները ՀՀ-ում կարող են աշխատել միայն աշխատանքի թույլտվություն ստանալուց հետո

Հրատարակվել է «Կապիտալ» օրաթերթի 11 հուլիսի 2008թ համարում

Վերջին շրջանում ՀՀ օրենսդրության մեջ աշխուժություն է նկատվում՝ կապված ՀՀ-ում օտարերկրացիների իրավունքների կարգավորման հետ: Այդ գործընթացից անմասն չի մնացել նաև վերջիններիս աշխատանքային իրավահարաբերությունների կարգավորումը Հայաստանում, որի հիմնաքարը հետևյալն է. օտարերկրացիները ՀՀ-ում կարող են աշխատել միայն աշխատանքի թույլտվություն ստանալուց հետո, եթե այդ թափուր աշխատատեղը/պաշտոնը չի կարող համալրվել ՀՀ քաղաքացիներով:

2006թ. դեկտեմբերի 25-ին ընդունվել և 2007թ. փետրվարի 3-ից գործում է Օտարերկրացիների մասին” ՀՀ օրենքը (այսուհետ՝ Օրենք), որը փոխարինելու եկավ Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին” ՀՀ օրենքին (ընդունված` 17.06.1994թ., ուժը կորցրել է 03.02.2007թ.):

Օրենքը կարգավորում է օտարերկրացիների ՀՀ մուտք գործելու, ՀՀ տարածքում գտնվելու և բնակվելու, ՀՀ տարածքով տարանցիկ երթևեկելու, ՀՀ-ից ելքի, ինչպես նաև այլ հարաբերություններ, որոնց թվում ուշագրավ են նաև աշխատանքային հարաբերությունների կարգավորմանն ուղղված նորմերը:

Համաձայն Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ՀՀ գործատուներն իրավունք ունեն օտարերկրացի աշխատողի հետ աշխատանքային պայմանագիր (ծառայությունների մատուցման պայմանագիր) կնքելու և նրա աշխատանքն օգտագործելու՝ լիազորված մարմնի կողմից օտարերկրացի աշխատողին տրված աշխատանքի թույլտվության հիման վրա:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ՀՀ աշխատանքի շուկայի կարիքների գնահատման նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ գործատուի համար սահմանվում է ժամկետ, որի ընթացքում նա պարտավոր է իր մոտ առկա թափուր աշխատատեղը համալրել ՀՀ քաղաքացիներից: Սահմանված ժամկետում զբաղվածության հանրապետական ծառայությունների կողմից իր պահանջներին համապատասխանող թեկնածուի առաջադրման բացակայության դեպքում գործատուն կարող է գտնել այդ պահանջներին համապատասխանող օտարերկրացու և դիմել լիազորված մարմին՝ կոնկրետ օտարերկրացի աշխատողի համար կոնկրետ ժամկետով աշխատանքի թույլտվության տրամադրման համար՝ ներկայացնելով ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը:

Եվ ի վերջո, հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ օտարերկրացին իրավունք ունի ՀՀ-ում իրականացնելու աշխատանքային գործունեություն՝ գործատուի կողմից իրեն տրված աշխատանքի թույլտվությունը փոխանցելու դեպքում:

Վերը նշված օրենսդրական դրույթների վերլուծությունը հանգեցնում է հետևյալին. նախ թափուր աշխատատեղ ունենալու դեպքում ՀՀ գործատուն պարտավորված է այն համալրելու ՀՀ քաղաքացիներով, և երկրորդ՝ գործատուն պետք է անձամբ ձեռք բերի աշխատանքի թույլտվություն, եթե այնուամենայնիվ օրենքով սահմանված կարգով աշխատանքի է ընդունում օտարերկրացու:

Արդյո՞ք օրենսդրական քննարկվող դրույթները չեն պարունակում դիսկրիմինացիոն տարրեր, հատկապես այն պարագայում, երբ Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ օտարերկրացիներն իրավունք ունեն ազատորեն տնօրինելու իրենց աշխատանքային ունակությունները, ընտրելու մասնագիտության և գործունեության տեսակը, զբաղվելու ՀՀ օրենսդրությամբ չարգելված տնտեսական գործունեությամբ՝ պահպանելով ՀՀ օրենսդրությամբ սահմանված սահմանափակումները: Երաշխավորվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված աշխատանքային հարաբերությունների կողմերի իրավահավասարության սկզբունքը՝ անկախ նրանց սեռից, ռասայից, ազգությունից, լեզվից, քաղաքացիությունից և աշխատողի գործնական հատկանիշների հետ չկապված այլ հանգամանքներից: Իսկ վերանայված Եվրոպական Սոցիալական Խարտիայի 1-ին մասի 18-րդ կետը սահմանում է. Ցանկացած Կողմի քաղաքացիներն իրավունք ունեն ցանկացած այլ Կողմի տարածքում ներգրավվելու եկամտաբեր որևէ աշխատանքի մեջ, վերջինիս քաղաքացիների հետ հավասարության հիման վրա:

Ինչևիցե, Օրենքն ուժի մեջ է և պարտադիր կատարման բոլորի համար, սակայն Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո շուրջ մեկուկես տարի անց էլ դեռ ՀՀ կառավարության կողմից չի ընդունվել որոշում աշխատանքի թույլտվություն տվող լիազոր մարմնի, թույլտվության տրման այլ պայմանների մասին: Այս պարագայում Իրավական ակտերի մասին” ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ եթե իրավական ակտում նախատեսված նորմի պահանջի կատարում կարող է միայն իրականացվել այդ իրավական ակտով նախատեսված իրավական այլ ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է իրավական այլ ակտի ընդունմամբ, ապա իրավական ակտն այդ նորմի մասով գործում է համապատասխան իրավական այլ ակտն ուժի մեջ մտնելու պահից: Այլ կերպ ասած, Օրենքի վերը նշված դրույթները չեն գործում այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ կառավարության կողմից չի ընդունվել որոշում աշխատանքի թույլտվություն տվող լիազոր մարմնի և թույլտվության տրամադրման այլ պայմանների վերաբերյալ:

Այսպիսով, ՀՀ գործատուներին խորհուրդ ենք տալիս օտարերկրացիներին աշխատանքի ընդունելիս դեռևս աշխատանքային պայամանագիրը կնքել որոշակի ժամկետով` մինչև վերջիններիս` ՀՀ-ում կացության կարգավիճակի ժամկետի ավարտը, իսկ մնացած հարցերի կարգավորման համար հետևել օրենսդրական զարգացումներին:

Նաիրա Պետրոսյան
“Պարադիգմա Արմենիա”ՓԲԸ
Աշխատանքային
օրենսդրության ծառայությունների բաժնի իրավաբան

No comments: