Sunday, September 14, 2008

Աշխատանքային օրենսդրության ասպեկտներ. Արդարացի պահուստ, թե՞ արդարացի վարձատրություն աշխատանքի դիմաց


Հրատարակվել է "Կապիտալ օրաթերթում"

Այն հարցը, թե որ դեպքերում է օրենքը իրավունք վերապահում գործատուին աշխատողի աշխատավարձից պահումներ կատարելու, բավականին դժգոհությունների տեղիք է տալիս հատկապես աշխատողների շրջանում. ո՞րն է պատճառը:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի (այսուհետ` ՀՀ ԱՕ) 213-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ գործատուին ունեցած աշխատողի պարտքերը մարելու համար աշխատավարձից պահվում կամ գանձվում են աշխատավարձի հաշվին աշխատողին տրված կանխավճարը, հաշվարկային մեխանիկական սխալների հետևանքով կատարված ավել վճարումները, ծառայողական գործուղման կամ աշխատանքի այլ վայր փոխադրվելու կամ այլ վայրում աշխատանքի ընդունվելու կամ առանձին գործողությունների կատարման համար աշխատողին տրված կանխավճարի չծախսված և ժամանակին չվերադարձված գումարը, աշխատողի մեղքով գործատուին պատճառված վնասի հատուցման գումարը:

Սրանք բոլոր այն դեպքերն են, որոնց առկայության դեպքում օրենքն իրավունք է վերապահում գործատուին աշխատողի աշխատավարձից պահումներ կատարելու: Սակայն միայն օրենքով նախատեսված դեպքի առկայությունը դեռևս բավարար չէ աշխատավարձից պահումներ կատարելու համար:

Վերը նշված դեպքերում, եթե աշխատողի պարտքը չի գերազանցում նրա մեկ ամսվա միջին աշխատավարձը, ապա գործատուն իրավունք ունի կատարելու պահումներ, եթե կանխավճարի վերադարձման համար սահմանված ժամկետը լրանալու, հաշվարկային մեխանիկական սխալների հետևանքով կատարված ավել վճարումը կատարելու, կանխավճարի չծախսված և ժամանակին չվերադարձված գումարը վերադարձնելու և աշխատողի հասցրած վնասը հայտնաբերվելու օրվանից ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում, պահումներ կատարելու մասին հրապարակել է համապատասխան իրավական ակտ: Գործատուի պարտքերը մարելու համար աշխատողների աշխատավարձից պահումներ կամ գանձումներ կարող են կատարվել նաև, երբ աշխատողն ազատվում է աշխատանքից մինչև այն աշխատանքային տարվա ավարտը, որի համար նրան տրամադրվել էր արձակուրդ: Այդ դեպքում գանձվում է չաշխատած օրերի համար վճարված գումարը: Այդ օրերի համար գանձումներ չեն կատարվում, եթե աշխատողը աշխատանքից ազատվում է ոչ իր մեղքով:

Չի թույլատրվում աշխատողից պահել կամ գանձել օրենքի սխալ կիրառմամբ հաշվարկված և ավել վճարված աշխատավարձը, բացառությամբ հաշվարկային մեխանիկական սխալների դեպքերի:

Բացի վերը նշված սահմանափակումներից, ՀՀ ԱՕ-ն սահմանափակում է նախատեսում նաև աշխատավարձից պահումների չափի վերաբերյալ: Մասնավորապես ՀՀ ԱՕ 214-րդ հոդվածը սահմանում է, որ աշխատավարձը վճարելիս պահումների և գանձումների ընդհանուր չափը հաշվարկվում է օրենքով սահմանված կարգով, որը չի կարող գերազանցել աշխատողի մեկ ամսվա աշխատավարձի հիսուն տոկոսը:

Թերևս օրենսդրական այս դրույթը սահմանվել է պաշտպանելու քաղաքացիների որոշ սոցիալական իրավունքներ` օրենսդրական նորմի հիմքում դնելով այն, որ աշխատողը, ում աշխատավարձից օրենքով սահմանված դեպքերում և կարգով պահումներ են կատարվել, չզրկվի ապրուստի միջոցից: Սակայն արդյոք այս ձևով չի խախտվում մեկ այլ` “Նվազագույն աշխատավարձի մասին” ՀՀ օրենքի համապատասխան դրույթը, որը երաշխավորում է մարդկանց` նվազագույն աշխատավարձ ստանալու իրավունքը և որի տրամաբանությունը գրեթե նույնն է: Ինչպիսի հետևանքներ կարող են առաջանալ, եթե, օրինակ, աշխատողն ստանում է նվազագույն աշխատավարձ, իսկ մեր օրերում դրանից խուսափելը դեռևս անհնար է, և գործատուն օրենքով սահմանված կարգով ընդունված իրավական ակտի հիման վրա որոշում է կայացրել աշխատողի աշխատավարձից կատարել պահում հիսուն տոկոսի չափով:

Ենթադրվում է, որ նվազագույն աշխատավարձը օրենսդրի կողմից տարբեր տնտեսական ցուցանիշների հիման վրա ընդունված այն նվազագույն գումարն է, որն անհրաժեշտ է մարդուն նվազագույն կարիքները որոշակի ժամանակահատվածում հոգալու համար:

Այս պայմաններում չի ապահովվում ոչ միայն ՀՀ օրենսդրության, այլ նաև վերանայված Եվրոպական Սոցիալական Խարտիայի 4-րդ հոդվածով նախատեսված` արդար վարձատրման իրավունքի արդյունավետ իրականացումը:

"Պարադիգմա Արմենիա" ՓԲԸ
Նաիրա Պետրոսյան
Աշխատանքային օրենսդրության ծառայությունների բաժնի իրավաբան