Wednesday, June 18, 2008

Աշխատանքային օրենսդրության ասպեկտներ. Ֆորմալ բովանդակության, թե` աշխատանքային իրավունքների պաշտպանություն

Աշխատանքային պայմանագրի բովանդակությանը ներկայացվող օրենսդրական պահանջները բավականին խիստ են, դրանց խախտման համար պատասխանատվություն սահմանող նորմերը` ոչ պակաս:
Չնայած Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում (ՎԻՎՕ) կատարված` աշխատանքային օրենսդրության իրավախախտումների համար պատասխանատվություն սահմանող դրույթների վերջին փոփոխություններին, որոնք ընդհանուր առմամբ գնահատվեցին դրական մասնագիտական տեսանկյունից, այնուամենայնիվ որոշ իրավախախտումների համար պատասխանատվության միջոցները մնում են խիստ` սահմանափակվելով տուգանքով:
Համաձայն ՎԻՎՕ 1695 հոդվածի` առանց պայմանագրի կնքման աշխատող պահելը կամ աշխատանքային պայմանագրում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 84-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված պայմանները չներառելը` առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով` խախտման յուրաքանչյուր դեպքի համար: Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` կրկին անգամ, մեկ տարվա ընթացքում` առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով` խախտման յուրաքանչյուր դեպքի համար:
Որոնք են այն պարտադիր պայմանները, որոնք պետք է ներառվեն աշխատանքային պայմանագրի բովանդակության մեջ. ՀՀ աշխատանքային օրենսգրքի (ՀՀ ԱՕ) 84-րդ հոդվածի` նախորդ պարբերությունում թվարկված կետերը սահմանում են աշխատանքային պայմանագրում պարտադիր ներառվող հետևյալ պայմանները` աշխատանքի վայրը` նշելով կառուցվածքային ստորաբաժանումը, աշխատողի իրավունքներն ու պարտականությունները, գործատուի իրավունքներն ու պարտականությունները, աշխատանքի վարձատրության պայմաններն ու չափը, աշխատանքի պայմանների նկարագրությունը, ծանր, վնասակար և (կամ) վտանգավոր պայմաններում աշխատանքի դեպքում` աշխատողների արտոնություններն ու հատուցումները:
Հայտնի չէ, թե ինչ սկզբունքով է օրենսդիրն առանձնացրել աշխատանքային պայմանագրում պարտադիր ներառվող պայմանների մեջ միայն վերը թվարկվածները, սակայն, չգիտես ինչու, այդ թվարկումից դուրս է մնում, մեր կարծիքով, ևս մեկ կարևոր պայման, այն է` աշխատողի աշխատանքային գործառույթները, որը ՀՀ ԱՕ 84-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում ամրագրված է այսպես` «պաշտոնի, մասնագիտության անվանումը` նշելով որակավորմանը ներկայացվող պահանջները կամ աշխատանքային գործառույթներըե: Մեր կարծիքով աշխատանքային գործառույթների մասին աշխատանքային պայմանագրում հստակ նշումն առավել, քան անհրաժեշտ է, և այդ պայմանի պարտադիր ներառումը պայմանագրում կլինի լիովին արդարացված:
Հարկ ենք համարում ընթերցողի ուշադրությունը սևեռել այն հանագամանքին, որ քննարկվող իրավիճակում տուգանքը նշանակվում է խախտման յուրաքանչյուր դեպքի համար, իսկ մեր գործատուների մոտ, որպես կանոն, կիրառվում են աշխատանքային պայմանագրերի մշակված միևնույն օրինակները: Այսպիսով, նշված պայմաններում ստացվում է մի իրավիճակ, երբ վերը նշված պայմաններից որևէ մեկը պայմանագրի տեքստում բաց թողնելիս, գրեթե յուրաքանչյուր պայմանագրի համար կարող է նշանակվել տուգանք` հիսուն հազար դրամի չափով:
Կարծում ենք, աշխատողի աշխատանքային իրավունքների պաշտպանության տեսանկյունից գնահատելի է օրենսդրի ցուցաբերած նման մոտեցումը, սակայն այն հարցին, թե, օրինակ, ինչպես պետք է աշխատանքային պայմանագրում նախատեսել "աշխատանքի պայմանների նկարագրությունը" սովորական, ոչ ծանր, վնասակար և (կամ) վտանգավոր պայմաններում աշխատանքի դեպքում, դժվարանում ենք պատասխանել: Այս պահի դրությամբ չկա որևէ իրավական ակտ, որը կսահմանի` ինչ ասել է ՙաշխատանքի պայմաններ՚, բացի այն պարտադիր պայմաններից, որոնք նախատեսված են ՀՀ ԱՕ 84-րդ հոդվածում, կամ, օրինակ, որոնք են համարվում աշխատանքի նորմալ պայմաններ (օրինակ` գրասենյակային պայմաններում աշխատելու դեպքում):
Թերևս իրականությունն այն է, որ չկան հստակ սահմանված օրենսդրական նորմեր, սակայն կա վերջիններիս խախտման համար վարչական տուգանքի ենթարկվելու իրական վտանգ, որտեղից էլ հարց է առաջանում. արդյո՞ք վարչական պատասխանատվության միջոցի կիրառումն ուղղված է աշխատանքային իրավահարաբերության կողմերից մեկի իրավունքների պաշտպանությանը, թե աշխատանքային պայմանագրի բովանդակությունը գերակայում է իրավունքների պաշտպանության նկատմամբ:
Այսպիսով, առայժմ առկա է տարընթերցում, այդ իսկ նկատառումով գործատուներին կառաջարկենք ճկունություն ցուցաբերել աշխատանքային պայմանագիր կազմելիս` դրանում ներառելով հնարավոր բոլոր այն պայմանները, որոնք բխում են և չեն հակասում որևէ իրավական ակտի` շեշտը դնելով աշխատողի իրավունքների գերակայության վրա:

Նաիրա Պետրոսյան
"Պարադիգմա Արմենիա" ՓԲԸ
Աշխատանքային օրենսդրության ծառայությունների բաժնի իրավաբան

No comments: