Sunday, April 20, 2008

ՀԱՐԿԱՅԻՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ՄԵԹՈԴԱՊԵՍ ԱՎԵԼԻ “ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ”

Հրատարակվել է "Կապիտալ" օրաթերթում

Տնտեսավարողների մոտ հարկային մարմինը ժամանակ առ ժամանակ ստուգումներ է կատարում: Արդյո՞ք դրանք արդյունավետ են ու բնորոշում են պատշաճ մակարդակ ու մոտեցումներ` ստուգող ու վերահսկվող հարթությունում: Արդյո՞ք առկա է առճակատում և ո՞վ է առաջ անցնում այդ մրցավազքում: Այս հարցերը մշտապես առկա են: Ի՞նչ է տեղի ունենում աշխարհում և ի՞նչ տեղաշարժեր կան մեր երկրի հարկային վարչարարական պրակտիկայում այս առումով:


Աշխարհում որոշել են ոչ միայն քայլեր ձեռնարկել ագրեսիվ հարկային պլանավորումների դեմ պայքարում, այլ նաև նեղացնել այն դաշտը, որտեղ կարիք կլիներ հարկային ստուգումների դիմել: Վերջինիս ուղղությամբ ամենահիմնական քայլերից մեկն այն է, որ հարկային տեսչությունները քայլ են անում համագործակցելու, հաղորդակցվելու ոչ միայն հարկատու կազմակերպությունների գործադիր ղեկավարների հետ, այլ նաև “բարձրանում” են կորպորատիվ մակարդակ ու ցանկանում աշխատել բաժնետերեի հետ: Մասնավորապես, հասկանալով, որ բոլոր հիմնական որոշումները կայացվում են բաժնետիրոջ մակարդակի վրա, հարկային մարմինները սկսում են “հորդորել” բաժնետերերին, որ հարկային հարցերը կարևորվեն ու մանրամասն քննարկվեն այդ “հարթակում”: Օգտակարությունը գալիս է ինքնաբերաբար, քանի որ այս պարագայում “ռիսկայնությունը” փոքրանում է, անցած լինելով կորպորատիվ կառավարման հանրաճանաչ փուլերով ու “ֆիլտրերով”:


Ստուգումների հարցում եվրոպական պահանջների համակարգը նախատեսում է, որ հարկային ստուգումներ անցկացնելը և դրանց գերակայությունները կապակցված լինեն ռիսկի գործոնների հետ, հարկային մարմինը կարողանա օգտագործել հարկային ստուգումների այնպիսի ժամանակակից գործիքներ ու տեխնիկա, որը հնարավորություն կտա վերահսկել հարկատուների հաշվապահական հաշվառումը (հաշվապահական հաշվառման համակարգը) ներառյալ համակարգչայնացվածը, որ իրականացվեն հարկային ստուգումների արդյունավետության պարբերական դիտարկումներ և ստացված արդյունքների գնահատում:


Այս միջազգային զարգացումների ֆոնի վրա Հայաստանում ևս նախատեսվում են հարկային ստուգումների կազմակերպման ու անցկացման օրենսդրության և մեթոդաբանության վերափոխումներ, որոնց մի մասն արդեն իսկ գործարկվել է, մասնավորապես.


- հստակեցվեց, որ, հիմա արդեն օրենքով իրականացվող, հսկիչ գնման (այդպիսի ուսումնասիրության) արդյունքում ստացված տեղեկատվությունը հարկային մարմինը կարող է օգտագործել հարկատուի հարկային պարտավորությունների չափը “ադմինիստրատիվ” եղանակով վերահաշվարկելու նպատակով


- սահմանվեց, որ օրենքում («Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենք ( ՀՀ ՊՏ N 54 (578), 7 նոյեմբերի 2007)) նշված մեթոդաբանությամբ են այսուհետ իրականացվելու ոչ միայն ստուգումները, այլ նաև հարկային «ուսումնասիրությունները»

- գերավճարի կամ հաշվանցման համար տվյալների հիմնավորվածության, տեղեկանքների ճշտության, օտարերկրյա պետության լիազորված մարմնի հարցումներին պատասխանելու, ինչպես նաև ՀՀ ոչ ռեզիդենտների կողմից հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտներից գանձված հարկի գումարը վերադարձնելու նպատակով հարկային ուսումնասիրություններն անցկացվելու են օրենքով (օրենքի առանձին հավելվածներով) սահմանված առանձին ընթացակարգերով:

Այսպիսով, ներկայումս հարկային մարմնի ստուգումները ու ուսումնասիրությունները դարձել են մեթոդապես ավելի ամրապնդված, ինչը նշանակում է նաև օրենսդրորեն ավելի ամուր` քանի որ ակնհայտ է, որ եթե այդ մեթոդները, կարգը սահմանվում են օրենքով, ապա դա հանգեցնում է հարկային մարմին-հարկատու հարաբերությունների ավելի կանխատեսելի ու վստահ, արդյունավետ մակարդակի: Միաժամանակ, սա դեռ վերջնակետը չէ և նախատեսվում է էականորեն վերափոխել այդ դաշտը, մասնավորապես ստեղծվելու է ռիսկերի վրա հիմնված ստուգումների ռազմավարություն, օրենսդրական փոփոխություններ են կատարվելու հարկերից չարամտորեն խուսափումը հարկային պլանավորումներից տարբերակելու համար, օրենսդրությունը պետք է հստակորեն սահմանի ու թույլ տա “մուտք ունենալ” հարկատուի համակարգչային տվյալների բազա և այլն:

"Ահարոն Պարադիգմա" ՓԲԸ
Ահարոն Չիլինգարյան
Տնօրեն

No comments: